Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արկադի Խաչատրյանի եւ Բաբկեն Թունյանի նախագահությամբ քննարկվել են արդյունաբերության, էներգետիկա եւ բնական պաշարների, տրանսպորտ եւ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանրային ծառայությունների կարգավորման, տնտեսական մրցակցության պաշտպանության, անշարժ գույքի կադաստրի, քաղաքաշինության 2021թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2019 թվականին ՀՀ տնտեսությունը շարունակեց աճել ավելի արագ տեմպերով եւ գրանցվեց 7.6% տնտեսական աճ՝ համաշխարհային տնտեսության 2.9% աճի պայմաններում, ինչի շարժիչ ուժ են հանդիսացել ծառայությունների եւ արդյունաբերության ճյուղերը: Ընդ որում, աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամբ գյուղատնտեսության: Կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած համաշխարհային ճգնաժամի պայմաններում 2020թ. կանխատեսվում է տնտեսության 6.0% տնտեսական անկում, իսկ 2021թ՝ 4.8% աճ: Եկող տարի կանխատեսվում է, որ ծառայությունները կաճեն 4.1%-ով, արդյունաբերությունը՝ 5.2%-ով, շինարարության ճյուղը՝ 4.9%-ով, իսկ գյուղատնտեսությունը՝ 3.9% ով: Նախարարի հավաստմամբ` 2021թվականին նախատեսում է 1 տրիլիոն 569 միլիարդ դրամ եկամուտ ապահովել, որի հիմնական մասը հարկային եկամուտներն են:
Ոլորտների պատասխանատուները ներկայացրել են գալիք տարվա ֆինանսական հատկացումները, կարեւորել բյուջետային ծրագրերի ժամանակին իրականացումը: